ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հորդորում է եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձանց

Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճապի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչեւ հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը բոլոր հեռարձակողներին դիմել է հետևյալ խնդրանքով, հորդորով, պահանջով`խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության և քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն: 

Դատախազությունը կոչ է անում ձեռնպահ մնալ սպեկուլյացիաներ անելու վտանգավոր գործելակերպից

«Բացառել եթերում ատելության խոսքի, սպառնալիքների, ասեկոսեների տարածումից, զերց մնալ բամբասանքներից: Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձերին: Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի և գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ: Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջև և հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հակոբյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր լիազորությունները:

«Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճապի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու ՀՌՀ կողմից ընդհուպ մինչև հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում: Անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները»,– շեշտել է նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Հայաստանյան մի շարք կուսակցություններ նոյեմբերի 11–ից հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։