Հրապարակվել են թուրք գեներալների անունները, որոնք ղեկավարել են Ադրբեջանի ԶՈւ–ն

Մի քանի աղբյուրներ են հայտնում, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ղեկավարել են թուրք գեներալները։ Նշվում են կոնկրետ գործողությունները, որոնք նրանք են ղեկավարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տորոնտոյում բնակվող լրագրող, պատմաբան Մայք Միխայլովիչը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել թուրք բարձրաստիճան զինծառայողների անունները, որոնք մասնակցել են ղարաբաղյան ռազմական գործողություններին։ Նա այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։

Գրառումներից մեկում, մասնավորապես, նա նշել է, որ ռազմական գործողություններում ներգրավված են եղել գեներալներ Բահթիար Էրսեյն ու Գյոքսել Կահյան։

​Կահյան բրիգադի գեներալ է։ Նա իրականացրել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը, վերահսկել օդային հետախուզման անցկացումը և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու գործողությունները։

Էրսայը Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր միայն նրան վստահել այնպիսի կարևոր առաքելություն, ինչպիսին է «հակահարձակման» գործողությունը ԼՂ–ում։

Միևնույն ժամանակ «Վզգլյադ» պարբերականը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ աղբյուրներին, հայտնում է, որ Էրսեյի գլխավորած խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը։ Գեներալն այժմ էլ գտնվում է Բաքվում, քանի որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի պաշտոնանկությունից հետո նա անձամբ է վերահսկում գերատեսչությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։  Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը