ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքի ժամանակ կոչով դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին և հորդորել վաղը ԱԺ–ում մանդատը վայր դնել։
«Շատերի հետ ճանապարհ ենք անցել։ Միքայել Զոլյան, հայրդ Արցախյան պատերազմի առաջին օրերից եղել է առաջամարտիկներից մեկը և մինչև վերջ պայքարել է։ Դու տարբեր համաժողովներում հպարտ ես եղել, որովհետև հաղթող երկրի պատգամավոր ես եղել, ո՞ւր է քո ձայնը։ Դիմում եմ իմքայլական բոլոր պատգամավորներին, հատկապես Մեխակ Ապրեսյանին։ Մեխակ, հորդ` Մեխակ Մեխակյանի պայքարով Ջաբրայիլ են ազատագրել, հորդ հիշատակի պատվին են քաղաքի անունը Մեխակավան դրել։ Մանդա՞տն է կարևոր, թե՞ հորդ հիշատակը»,–ասաց Մանուկյանը։
Նա շեշտեց, որ իրենք չեն անելու, այնպես, ինչպես իմքայլականներն արեցին 2 տարի առաջ։
«Մեր զինվորին դավաճանեցին»․ ի՞նչ են մտադիր անել հանրահավաքի եկած արցախցի կանայք
«Մենք չենք հրապարակելու ձեր հասցեները, չենք վատաբանելու ձեզ, նույնիսկ չենք սուլելու։ Վաղը դուք խորհրդարանում նիստի եք։ Վաղը ԱԺ–ի մուտքը մենք բաց ենք պահելու, չենք գալու այդտեղ, որ դուք հանգիստ, պաշտպանված մտնեք ԱԺ, բայց խնդրում ու պահանջում ենք՝ կանգ առեք, այնպես ապրեք, որ վաղը ձեր ծնողները հպարտանան, որ իրենց զավակներն ունեցան արժանապատվություն և վայր դրեցին մանդատը, որը թղթի կտոր է»,–շեշտեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն ու արտգործնախարարություն։
Նշենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 18–ին, ժամը 18.00–ին։