Թևան Պողոսյանի դիտարկմամբ` 2016-ի դասերն այլ էին, որոնք պետք է քաղվեին, մեզ անհրաժեշտ էր ազգային միասնականություն, որպեսզի պատրաստ լինեինք պատերազմին։
Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 1998թ–ից սկսած բանակցային գործընթացում եղել է միայն մեկ շատ կոնկրետ թեմա` տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, և հայկական կողմի քաղաքականությունը եղել է միայն մի բան` ժամանակ ձգել, բայց 2016թ–ին այդ ձգված լարն արդեն կտրվել էր։
Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե դրանով չէ՞ր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը հեռացավ` պատասխանատվությունը թողնելով Նիկոլ Փաշինյանին։ Նրա խոսքով` Փաշինյանն ակնարկում էր, որ տարածքները հանձնելու պայմանը եղել է միշտ, և դա պարզ էր դեռ 1994 թվականից։ Դա ընկալել են Լևոն Տեր–Պետրոսյանն ու նրան հաջորդած ՀՀ մյուս ղեկավարները։
«Ադրբեջանի պահանջը գաղտնիք չէր, ազգովի գիտեինք այդ մասին։ 2017 թվականից ի վեր բազմաթիվ անգամ ասել եմ, որ Ադրբեջանը 2011 թվականին կայացրել է հիմնախնդիրը պատերազմի միջոցով լուծելու քաղաքական որոշում։ Հարցն այն է, թե մենք ինչ ենք արել այդ կապակցությամբ։ Եթե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները տալիս էին ավելի երկար ժամանակ, որպեսզի պատրաստվեինք պատերազմին, ապա անհրաժեշտ էր օգտագործել այդ հանգամանքը, ոչ թե մի կողմ դնել»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահը։
Պողոսյանի կարծիքով` պետք է մտածել այն մասին, թե կարող էինք ապահովել բանակցությունների շարունակականությունը, մինչդեռ ընկել ենք այն հարցի հետևից, թե ով եկավ իշխանության, ով գնաց։
«Կարող եմ թվել մի քանի սցենար, որոնց համաձայն` 2018 թվականի իշխանափոխությունը կարող էր և չլինել։ Օրինակ` կարող էին լինել այլ թեկնածուներ, որոնց առկայության դեպքում Սերժ Սարգսյանը գուցե չգնար կառավարման երրորդ ժամկետին կամ նշանակեր ինչ–որ մեկին ու մի քանի ամիս անց ունենար նույն մեծամասնությունն ԱԺ–ում և հանգիստ կրկին գար իշխանության»,– ասաց նա։
ՀԿ–ի նախագահի խոսքով` հիմա «եթե»–ների ժամանակը չէ, հետևաբար պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչ պետք է անել երկրի բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար և զբաղվել ապագային միտված օրակարգի խնդիրներով, և դա պետք է գիտակցեն նաև զանգվածային լրատվամիջոցները։
«Սերժ Սարգսյանը կարող էր ոչինչ չանել, երրորդ անգամ իր թեկնածությունը չառաջադրել, առավել ևս եթե տեղյակ էր տարածքները հանձնելու պայմանի մասին։ Նա ավարտել էր պաշտոնավարման ժամկետը, ու եթե նա խուսափեր կարգավորման խնդրից, կարող էր առաջադրել մեկ այլ թեկնածուի, ինչո՞ւ էր գնում պաշտոնավարման երրորդ ժամկետին։ Հարցը խորքային է, ով ցանկանում է գնալ, գնում է։ Այդպես հեռացավ, օրինակ, Լևոն Տեր–Պետրոսյանը»,– նշում է ՀԿ նախագահը։
Պողոսյանի համոզմամբ` ուշ թե շուտ գալու էր հիմնախնդրի կարգավորման պահը, և գուցե ավելի պատրաստ լինեինք, եթե ավելի շատ ժամանակ ունենայինք, գուցե ավելի ամուր լինեինք, եթե ժամանակը չվատնեինք նախկին–ներկա, սևի ու սպիտակի բաժանման վրա, ուստի անհրաժեշտ էր միացնել, այլ ոչ թե բաժանել։