ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակական գերզգայուն հոգեվիճակի և տրամադրությունների վրա սպեկուլյացիաներ անելու, իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազությունը և դատախազներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու, քաղաքական նպատակներից ածանցվող գործողությունների հակելու խիստ վտանգավոր գործելակերպից։
«Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործընթացում»,–ասված է հայտարարության մեջ։
Դատախազությունից ընդգծում են, որ ինչպես իրենք, այնպես էլ իրավապահ մյուս մարմիններն ապաքաղաքական համակարգեր են, որոնք գործում են բացառապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և օրենքների վրա։
«Հատկապես հայ ժողովրդի համար ներկայիս օրհասական օրերին դատախազությունը, առավել քան երբևէ, գործում է իր ժողովրդի և պետության առջև ունեցած պատասխանատվության խորը գիտակցությամբ։ Դատախազությունն իր իրավասությունների շրջանակներում գործադրելու է բոլոր ջանքերը մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող ներքին կայունության, անվտանգության դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հակազդելու համար՝ անկախ նրանից, թե նման սպառնալիքները որ կողմից, ինչ շրջանակներից կդրսևորվեն և ի հայտ կբերվեն»,–ասված է հայտարարության մեջ։
Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։
Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։
Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։
Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: