Չի տիրապետում ՊՆ-ին վերաբերող տարրական գիտելիքների. ՊՆ–ն պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

ՊՆ-ն, արձագանքելով Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած մեղադրանքներին, նշել է, որ ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Այս կարծիքն է արտահատել ՀՀ ՊՆ մամուլի բաժինը` անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այսօր հնչեցրած մտքերին։

Զինվորականների դեմ հարուցված քրգործերի շրջանակներում կան կալանավորվածներ. ՊՆ

Նշենք, որ Անդրանիկ  Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։

«Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին,. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈւ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ե՞րբ արձակուրդ կտան պատերազմին մասնակցած զինծառայողներին. ՊՆ–ն պատասխանում է ծնողներին

ՀՀ ՊՆ–ից Քոչարյանին նաև տեղեկացնում են, որ ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ։