Արմեն Սարգսյանը հանդես կգա ուղերձով

ՀՀ նախագահը հորդորում է լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան հանդես կգա ուղերձով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը: Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն»,– նշել է Սարգսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Հայաստանյան մի շարք կուսակցություններ նոյեմբերի 11–ից հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։