Անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում. Նիկոլ Փաշինյան

Առցանց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն ասաց նաև, որ գերիների փոխանակումը տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Պատերազմի հետևանքով անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Այսօր կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, սակայն մի քանի հարյուրի է հասնում նրանց թիվը։ Հույս ունենք` բոլորի դեպքում չէ, որ նույն եզրակացությանը կհանգենք, և մի մասին ողջ կգտնենք։ Օրինակ` երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որն անհետ կորած է համարվել»,–ասաց Փաշինյանը։

Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը` նշանակում է փոխել ռազմական իրադրությունը. Փաշինյան

Անդրադառնալով գերիների փոխանակմանը` վարչապետը նշեց, որ դա տեղի կունենա զոհերի մարմինների փոխանակումից հետո։

Նա ասաց նաև, որ առաջարկներ կան սգո օր հայտարարելու։ Փաշինյանի խոսքով` ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ զոհերի մարմինների հայտնաբերման գործընթացն ավարտվի. հետագայում հարգանքի տուրք կմատուցվի պետական մակարդակով։

Վարչապետը նշեց, որ կարևոր է` այս ընթացքում երաշխավորեն զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ստացածների համար սոցիալական աջակցությունները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։