ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը facebook-յան գրառման մեջ նշել է, որ սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վերջին մի քանի օրվա ընթացքում կտրուկ աճել են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները: Նրա խոսքով՝ շեշտակիորեն աճել է կեղծ օգտահաշիվների քանակը, որոնք էլ հենց առավել ագրեսիվն են:
«Այդ օգտահաշիվները հաճախ ոչ մասնագիտական դիտարկմամբ դժվար է տարբերակել, դրանք ի հայտ են գալիս կոնկրետ իրավիճակի կամ նույնիսկ առանձին հրապարակման կապակցությամբ, գործում են կազմակերպված, հստակ նպատակներով ու թիրախներով»,- գրում է Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքացիներին խնդրում է ձեռնպահ մնալ այդպիսի «քննարկումների» մեջ ներքաշվելուց և որևէ պարագայում չտրվել նման սադրանքների, քանի որ դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում:
Պաշտպանը շեշտում է, որ հատկապես պետական կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք այս պատասխանատու օրերին պարտավոր են դրսևորել հանրային համերաշխության օրինակելի պահվածք, այդ թվում՝ հանրային խոսքում, իրավունք չունեն կատարել այնպիսի գրառումներ կամ անել մեկնաբանություններ, որոնք պարունակում են ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ նույն կերպ նպաստում են ատելություն ու հետևաբար՝ լարվածություն տարածելուն:
Այս բարդ իրավիճակում Թաթոյանը կարևորում է զանգվածային լրատվամիջոցների դերը: Լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին պաշտպանը խնդրում է հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, բռնության կոչ կամ սպառնալիք պարունակող մեկնաբանություններն ու գրառումները:
Բացի այդ ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ
Խնդիրն, ըստ Թաթոյանի, այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար: