«50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ է լինելու». անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ–ի մոտ են

Անհետ կորած զինծառայողների ծնողները վստահեցնում են` դիմել են հնարավոր բոլոր պատկան մարմիններին, սակայն որևէ արձագանք չեն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության մոտ և պահանջում են, որ իրենց ընդունի կա՛մ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, կա՛մ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ծնողների հետ զրուցելու իջան մի շարք զինվորականներ։

«Պարոն գնդապետ, ո՞վ է պատասխան տալու։ 50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ եմ անելու։ Այսքան խաբել կլինի ժողովրդին»,–ասաց Նառա անունով մի կին` դիմելով զինվորականներից մեկին։

Ի պատասխան զինվորականն ասաց` յուրաքանչյուրի հարցը պետք է անհատապես ներկայացնեն, որից հետո կփորձեն ուսումնասիրել դրանք։

Սակայն անհետ կորած զինվորներից մեկի հայրը վստահեցրեց` մեկ ամիս է` եղել են բոլոր տեղերում` Կարմիր խաչում, ՊՆ–ում, ուրիշ տեղերում, բոլորին դիմում են գրել, բայց պատասխան այդպես էլ չկա։

Բողոքի ակցիան դեռ շարունակվում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Համացացնում շրջանառվում է տեղեկություն, որ հայկական կողմից կա 4750 զոհ ու անհետ կորած։

Ի պատասխան՝ նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը