Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ

Իլոն Մասկը, որը տարբեր լաբորատորիաներում կորոնավիրուսի թեստեր է հանձնել, բայց հակասական արդյունքներ ստացել, կարծում է, որ այնուամենայնիվ, վարակված է կորոնավիրուսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը վստահ է, որ կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է։ Նրա խոսքով՝ ինքն ամենայն հավանականությամբ վարակված է կորոնավիրուսով, բայց ծանր չի տանում։

Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են

«Ես տարբեր լաբորատորիաներից բոլորովին տարբեր արդյունքներ եմ ստացել, բայց, ամենայն հավանականությամբ, ես վարակված եմ կորոնավիրուսով: Իմ ախտանիշները թեթև մրսածության ախտանիշներ են, ինչը զարմանալի չէ, քանի որ կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է», – Twitter-ում գրել է Մասկը` պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ի վերջո իր մոտ հայտնաբերվե՞լ է կորոնավիրուս, թե՞ ոչ։

Ավելի վաղ Մասկը պատմել էր, որ մեկ օրում կորոնավիրուսի չորս թեստ է հանձնել, երկուսի արդյունքները բացասական են եղել, իսկ երկուսին՝ դրական:
Ավելի ուշ նա հավելել է, որ որոշել է ՊՇՌ-թեստեր հանձնել մեկ այլ լաբորատորիայում, արդյունքները պատրաստ կլինեն մոտ 24 ժամ հետո: Այն հարցին, թե արդյոք նա կորոնավիրուսի ինչ-որ նշաններ ունի, Մասկը պատասխանել է, որ սովորական մրսածության ախտանիշներ ունի:

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 54 328 752 դեպք, մահվան դեպքերի թիվը 1 318 278 է։