ԲՀԿ-ն դիմել է ոստիկանապետին. Նաիրա Զոհրաբյանին ու նրա գործընկերներին սպառնում են սպանել

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում նշել է, որ այս օրերին նա ու իր գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ են ստանում տարբեր անձացից, ովքեր սպառնում են նրանց և նրանց երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։

«Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։

Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ ոստիկանապետին»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Հավելենք, որ նոյեմբերի 11-ից Երևանում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները կազմակերպում են ընդդիմադիր 16 կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը»։