Այս քրեական գործն ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի վախերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամը շեշտեց, որ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի ու Աշոտ Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործին 12 կուսակցություններ տվել են իրենց գնահատականը` այն շինծու որակելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի` ԱԱԾ–ում հարուցված քրեական գործին կցված հեռախոսազրույցը ծիծաղելի է։ Նման որակում այսօր լրագրողների հետ զրույցում տվեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱԱԾ–ի հրապարակած ձայնագրությունը։

«Ձայնագրությունը բոլորդ լսել եք, դա ծիծաղելի է։ Վաղը կարող է յուրաքանչյուրիդ էլ ասեն` ինչո՞ւ եք սենց բան ասել։ Ակնհայտ է չէ՞, որ նման բան չկա։ Եվ, երկրորդը` ո՞ւմ է պետք Նիկոլ Փաշինյանին սպանել, եթե նա` որպես քաղաքական գործիչ զրո է, գոյություն չունի»,– ասաց Շարմազանովը։

ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վանեցյանին, Բաղդասարյանին և Մինասյանին

ՀՀԿ ԳՄ անդամը շեշտեց, որ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի ու Աշոտ Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նկատմամբ 12 կուսակցություններ արդեն իրենց գնահատականը տվել են` այն շինծու որակելով։

«Սա խայտառակ, շինծու քրեական գործ է և ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի վախերը»,– ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված զենքին` Շարմազանովը հայտարարեց, որ այն օրինական է ու Բաղդասարյանը նվեր էր ստացել ծննդյան օրվա առիթով։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ

Դատարանն այս պահին քննում է ձերբակալության որոշումների օրինաչափության հարցը։

Քիչ առաջ բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։