ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին:
Ինչպես հայտնում է նախագահի Facebook-ի էջը, հանդիպմանը քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը:
Հարությունյանը ողջունել է ՌԴ նախագահի` «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը:
Երկուստեք կարևորվել են հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։