ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները։ Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է զոհերի մարմինների փոխանակման գործընթացը։ Շուշիի մերձակայքից զոհերի մարմիններ են դուրս բերվել։
ՊԲ-ն հրապարակել է նահատակված 51 զինծառայողների անուններ
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նոյեմբերի 13–ին հայկական կողմը մոտ 30 մարմին է փոխանցել ադրբեջանցիներին, իր հերթին ադրբեջանական կողմը փոխանցել է մոտ 100 մարմին: