ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Վանեցյանին, Բաղդասարյանին և Մինասյանին

ԱԱԾ-ն նոյեմբերի 14-ին հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

ԱԱԾ–ն առգրավել է Վանեցյանի հայրական տան որսորդական զենքերը. պաշտպան

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

«Քննիչներն ամեն կերպ փորձում էին անել մի հնարք, որ ձերբակալման իրավաչափությանը զուգահեռ քննվի կալանավորման միջնորդությունը, դա իրենց չհաջողվեց մեր գործողությունների արդյունքում», - ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք`ԱԱԾ-ն երեկ հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

«Անընդհատ քննում են». Ծառուկյանին նորից ԱԱԾ են կանչել