ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է նաև երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի որդին`Վարդանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը։
«Ամալյան Դավոյի տղան էլ է զոհվել»,- գրել է Մանարյանը։
Վարդանի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 16-ին։
Նշենք, որ Դավիթ Ամալյանը 1990-1994 թվականներին ծառայել է «Ազգային լեգեոն» ջոկատում և կամավորական ջոկատի կազմում մասնակցել է արցախյան ազատամարտին Դուշման Վարդանի հետ: Հրամանատարի պատվին էլ իր որդիներից մեկին կոչել էր Վարդան։ Ըստ տեղեկությունների՝ Վարդան Ամալյանը նախորդ տարի ամռանն էր զորակոչվել բանակ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը