Ո՞ր փուլում է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը. հարցը քննարկվել է Փաշինյանի մոտ

Համապատասխան վարչությունում արդեն իսկ աշխատանքներ են տարվում վարույթում առկա քրեական գործերի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման հարցում, ինչքանով է այն պատրաստ լիարժեք աշխատանքի և այս առումով առաջիկայում ինչ անելիքներ կան»,- նշել է վարչապետը:

Գլխավոր դատախազությունում ձևավորված` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը աշխատանքներ է տանում վարույթում առկա քրեական գործերի ուսումնասիրության, ապացուցողական բազայի համալրման ուղղությամբ: Այս աշխատանքներն իրականացվում են շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ։

Ապօրինի գույքը բռնագանձողներին պետությունն օրինական կարգով միլիոններ տվեց

Փաշինյանը կարևորել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումը։ Նա ընդգծել է, որ այս հարցում կարևոր է համապատասխան մարմինների հետևողական համագործակցությունը։

Հիշեցնենք` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Շուկայական արժեքում հաշվարկվում են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:

Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին