ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կկարգավորվեն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։ Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծառայությունից տեղեկացնում են, որ սեղմ ժամկետում կվերականգնվի հեռախոսային և ինտերնետ կապը։
Արցախում աշխատանքներ են իրականացվում նաև կենսական կարևոր նշանակություն ունեցող համակարգերի վերականգնման ուղղությամբ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ադրբեջանական հրթիռահրետակոծությունների հետևանքով վնասված էներգա-, գազա-, ջրամատակարարման համակարգերի վերականգնմանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։ Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը