Շուշիի մերձակայքից զոհվածների մարմիններ են դուրս բերվել. Արցախի ՄԻՊ

Արտակ Բեգլարյանը հույս է հայտնել, որ շուտով բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այսօր մեկնարկած զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արդեն արդյունք է տալիս։ Facebook-ի իր էջում նա տեղեկացրել է, որ Շուշիի մերձակայքից որոշակի թվով մարմիններ են դուրս բերվել։

«Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն, և նրանք կամ գոնե նրանց մարմինները կհասնեն իրենց հարազատներին»,- գրել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ մեկնարկած գործընթացում պաշտպանի աշխատակազմն իր ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման, մշակման և գործընթացում ընդգրկված կառույցների միջև արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում:

Փրկարարական ջոկատները մասնակցել են զոհվածների դիերի որոնման և փոխանակման գործին

Պաշտպանն իր զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների հարազատներին։

«Նրանց հարազատը նաև իմ հարազատն է, նրանց ցավը նաև իմ ցավն է, նրանց հպարտությունը նաև իմ հպարտությունն է»,- հավաստիացրել է Արցախի ՄԻՊ-ը։

Նա ընդգծել է ամուր լինելու և նահատակների կիսատ թողած գործը շարունակելու կարևորությունը հանուն նրանց վառ հիշատակի ու հայրենիքի հարատևման:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Գերիներին չխոշտանգել, դիերը չխեղել. կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ