Մոտ 250 ստեփանակերտցի իրենց տներ են վերադարձել. ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը՝ քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ այսօր իրենց տներ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Փախստականների առաջին 9 ավտոբուսները Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի և դիտակետերի տեղակայումից հետո», - նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ ՊՆ–ի` ռուս զինծառայողները ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը։

Երևանի քաղաքապետարանն այսօր առավոտյան հայտնել էր, որ վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:

Պուտինը խոսել է Ղարաբաղի սրբավայրերի մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: