Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի. Քոքսն ու Արցախի նախագահը հանդիպել են

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Քերոլայն Քոքսին։ Քննարկել են պատերազմական գործողություններն ու հետպատերազմական վիճակին առնչվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում պետք է քայլեր ձեռնարկվեն։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Հանդիպմանն անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին։

«Քննարկվել է նաև կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությունը»,–նշված է Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Քոքսը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ու ազատությունների համար արդար պայքարի մասին բարձրաձայնելու ուղղությամբ պատերազմի ընթացքում միջազգային տարբեր հարթակներում իր կողմից ձեռնարկված քայլերը։

Հիշեցնենք, որ Քոքսին օրեր առաջ ընդունել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Քոքսն այցելել էր նաև Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։