Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Մնացականյանն ու ԶՈւ ղեկավարությունը

Փաշինյան–Մնացականյան–Տոնոյան հանդիպմանը ներկա են եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է երկրի արտաքին գերատեսչության և զինված ուժերի ղեկավարության հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետը հանդիպում է ունեցել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ»,- Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: