Հայկական կողմն այս պահին ունի 2317 զոհ. ԱՆ–ն պատասխանել է Միքայել Մինասյանին

Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մինչ օրս առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Facebook սոցցանցի իր էջում նման հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գրառմանը։

Մինասյանը հայտնել էր, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4750 զոհ, 1400 զոհված և դեռևս չհերձված, ինչպես նաև` 1100 անհետ կորած։

«Առողջապահության նախարարությունը` որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին, պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ»,–գրել է Նիկողոսյանը։

Նրա խոսքով` հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ պաշտպանության բանակը հրապարակել է 1383 զոհի անունները։

Ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել մոտ 100 զոհի մարմին