ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն, իսկ հետագա փոխադրումների հետ կապված` Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Հիշեցնենք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ ընդունել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում։
Նրանք պայմանավորվել էին, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: