«Ավելի լավ էր` ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի». Արագածոտնի մարզպետ

Առաջնագծից վերադարձած մարզպետն ասում է, որ ինքն ու ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ են դրել ու վերադարձել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տեղեկացնում է, որ արդեն 3 օր է, ինչ իր ջոկատով վերադարձել է առաջնագծից, և միակ դրական բանն այն է, որ ջոկատից մարդկային կորուստներ չեն ունեցել:

Ընտրել ժամանակավոր վարչապետ... ԼՀԿ-ն 13 քայլի միջոցով ստեղծված իրավիճակից ելք է խոստանում

«Այս օրերի ընթացքում մեր տղաներից 4-ը վիրավորվեցին: Շուրջ 15 օր առաջնագծում անցկացնելով՝ շատ դրական ու բացասական երևույթներ, տարբեր անձանց գործողություններ տեսանք նաև, բայց խոսելու սիրտ ու ցանկություն չկա, ընդհանրապես չկա: 3 օրից ավել է` մտածում եմ, որ ավելի լավ էր` ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի, բայց թշնամու մի արկ, մի գնդակ անգամ ինձ բաժին չհասավ»,–Facebook–ի իր էջում գրել է Գևորգյանը։

Նրա խոսքով` ինչ երազանքով, նպատակով գնացել էին, վերադարձել են դրան չհասած. այս պահին ունենք այն, ինչ ունենք:

Մարզպետը պարզաբանում է` ասում է այս պահին, որովհետև ինքն ու ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ են դրել ու վերադարձել:

Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին

«Կա այսօր ու վաղը, կա կիսատ թողած գործ, որը, անկասկած, շարունակելու ենք անկախ բոլոր հանգամանքներից: Վստահ եմ, որ այս միտքը, այս որոշումն ունեն տասնյակ հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք: Մեր միասնականությամբ, խելքով, ամուր կամքով դուրս ենք գալու այս ծանրագույն իրավիճակից ու լույս ենք բացելու հայոց աշխարհի վրա: Իսկ հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»,–գրել է Արագածոտնի մարզպետը։

Հիշեցնենք` պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել, որ բոլորը ջոկատներ կազմեն ու մեկնեն առաջնագիծ։ Դավիթ Գևորգյանը, հետևելով վարչապետի կոչին, անմիջապես զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը։

Պետք է ունենանք նոր տիպի բանակ. Փաշինյանն ուզում է մեծացնել կանանց ներգրավվածությունը