Ստեփանակերտն արդեն լուսավորվել է, թաղամաս առ թաղամաս` մի կողմից գազը, մյուս կողմից լույսը, ջուրն արդեն կա։ Հունան Թադևոսյանը կարծում է` կապի ոլորտում իրականացվող աշխատանքներն էլ առաջիկա երկու-երեք օրերին ավարտին կհասցվեն։
«Եվ քաղաքացիները կարող են գալ, թեպետ նրանց մի մասն արդեն չի սպասում այդ ամենին և վերադառնում է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքով` այս օրերին երբեմն ստանում են ջրամատակարարման խողովակների նորոգման հետ կապված ահազանգեր։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո 911-ում քիչ չեն նաև բնակարանների դռները բացելու խնդրանքով գրանցված կանչերը. հրետակոծությունից առաջացած ալիքի հետևանքով դրանք դեֆորմացվել են, և մարդիկ չեն կարողանում բանալիներով բացել փականները։
Մոտ 250 ստեփանակերտցի իրենց տներ են վերադարձել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: