Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան

Նախատեսված միջոցառումը մեկանգամյա է և կտրամադրվի Արցախում հաշվառում ունեցող անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik.Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը ներկայացրել եմ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու միջոցառումը»,- նշված է գրառման մեջ։

Նախարարը հստակեցնում է` աջակցությունը միանվագ է և կտրամադրվի Արցախի հաշվառում ունեցող և փաստացի Հայաստանում գտնվող անձանց։

Միաժամանակ, նրա խոսքով, մեկանգամյա այդ միջոցառմանը զուգահեռ վարչապետի հանձնարարականով Արցախի կառավարության հետ կձևավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: