Երևանի կենտրոնում հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութ է ցուցադրվել

Թաթոյանը`որպես Մարդու իրավունքների պաշտպան, խոստանում է զբաղվել տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի էջում անդրադարձել է երեկ ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ցուցադրված տեսանյութին, որը հայհոյանք ու ատելություն է պարունակել։

Արման Թաթոյանը դա «բացարձակ անթույլատրելի ու դատապարտելի է» համարում։

Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաև երեխաներ ու կանայք»,– գրում է ՄԻՊ–ը։

Նա նաև արձանագրում է, որ դա ակնհայտորեն արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:

Երևանի կենտրոնում հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութ է ցուցադրվել

Թաթոյանը`որպես Մարդու իրավունքների պաշտպան, խոստանում է զբաղվել տեսանյութի ցուցադրման համար պատասխանատու մարմնի կամ պաշտոնյայի հարցով։

«Ըստ այդմ, բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոն, խստորեն պահանջում եմ լինել զգոն սեփական արարքներում ու հատկապես հանրային խոսքում. ոչ աշխատանքային ժամերը կամ օրերը պաշտոնյայի համար ոչ իրավաչափ արարքների արդարացում լինել չեն կարող: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթները, որոնք ձեզ վերապահված են Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ իրավական ակտով: Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակի սահմաններով»,– պաշտոնյաներին է դիմում Թաթոյանը։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի խոսք ասելուց ու առավել ևս տարածելուց, որը պարունակում է ատելություն ու վիրավորական արտահայտություններ, քանի որ, նրա համոզմամբ, նման նյութերը միայն ավելացնում են երկրում լարվածությունը և կարող են հանգեցնել բռնության:

«Մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբում, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից»,– գրում է Թաթոյանը։

Ավարտելով խոսքը` Արման Թաթոյանը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը քաղաքացիների կամ մասնավոր անձանց նկատմամբ ուղիղ ազդեցությամբ չի տարածվում: Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանում է քաղաքացուն պետությունից, և ոչ թե պետությանը քաղաքացուց:

ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ