ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ համաձայնագիրը զինադադարի մասին է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր արդեն ռուս խաղաղապահները տեղում են: Սկսվել է պրոցեսը, որը ստորագրված փաստաթղթով նախատեսված է։ Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ ամեն բան վերջացած է: Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ո՛չ: Չնայած, ճիշտ է, այս փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը»,–ասում է նախագահը։
Նրա խոսքով` նման իրավիճակում մեր առաջին քայլերից մեկը պետք է լինի այս ամենը վերադարձնել Մինսկի խմբի գործընթացին, քանի որ փաստաթղթի ստորագրումն իրենից չի ենթադրում Մինսկի խմբի գործընթաց։ Սարգսյանն ասել է` շատ արագ պետք է ամեն բան անել վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով և որոնց էլ տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը:
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
Սարգսյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից արդեն իսկ համապատասխան հայտարարություններ արվել են: Մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից նույնպես կան ազդակներ` այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը պետք է վերադառնա Մինսկի խումբ:
Ըստ ՀՀ նախագահի` Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման տեսլականը բանակցություններին վերադառնալն է։ «Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը, հայ ժողովուրդը»,–ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։