Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան

Վարչապետի խոսքով` Արցախի առնվազն այն հատվածում, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, կյանքը պետք է ժամ առաջ վերականգնվի։ Խաղաղապահների ներկայության կարևորագույն իմաստը ժողովրդի անվտանգության ապահովումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Սա մեր բեռն է, անկախ նրանցի, թե ով ինչ դերակատարում է ունեցել այդ պատմության մեջ, բայց մենք պետք է այդ բեռն ազգովի կրենք։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նա հավելեց, որ այսօր շատ կարևոր է մեր ու ԼՂ ժողովրդի ապագան տեսնել։

«Շատ լավ կլիներ, որ սրանով Արցախի հարցը վերջնական կարգավորում ստանար, բայց չի ստացել։ Հարցը սա է՝ մենք շարունակու՞մ ենք պայքարել Արցախի և նրա ժողովրդի իրավունքների համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս հարցում կարևոր է, որ արցախահայերը գնան և ապրեն իրենց տներում։

Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի

Նրա խոսքով՝ հիմա կան խաղաղապահներ, որոնք ԼՂ առնվազն մի հատվածի հայության անվտանգության հարցն ապահովելու են, մյուս հատվածում էլ մեր հայրենակիցների վերադառնալու իրավունքն արձանագրված է։

«Մենք հիմա պետք է աշխատենք այդ իրավունքն իրագործել, նրանց արժանապատվությունն ու անվտանգությունն իրենց տներում ապահովելու համար։ Ճանապարհը Լաչինի միջանցքով աշխատելու է, Հայաստանի և Արցախի միջև ճանապարահային կապի խնդիր չի լինելու»,- նշեց նա։

Վարչապետն ընդգծում է՝ Արցախի առնվազն այն հատվածում, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, կյանքը պետք է ժամ առաջ վերականգնվի։ Նրա խոսքով՝ խաղաղապահների ներկայության կարևորագույն իմաստը ժողովրդի անվտանգության ապահովումն է։

Ինչ վերաբերում է հարցին, թե ներկա իրավիճակում որ գործարարը կհամաձկավի ներդրումներ անել Արցախում, վարչապետն ընդգծեց՝ առաջին հերթին պետք է մտածել այնտեղ պետական ներդրումներ անելու մասին, մարդկանց պետք է աջակցել, որ իրենց տները, ապրելու միջավայրը վերականգնվի։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։