Ռուսաստանի ԱԴԾ-ն 5 լրացուցիչ հենակետ է տեղակայել Հայաստանում

Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԴԾ-ն Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային հենակետ է տեղակայել։ Տեղեկությունը հայտնել Է գերատեսչության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը լրացուցիչ հենակետերը տեղակայել է Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա», - ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ, որը վարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին