ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ԶԼՄ-ների և բոլոր նրանց հրապարակումները, որոնք կարծում են, թե Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ընթացքում լքել է իր դաշնակից Հայաստանին:
Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կարդացել է ոչ միայն արտասահմանյան, այլև ռուսական մամուլի հրապարակումներն այն մասին, թե ով է հաղթել, ով պարտվել այս իրավիճակում:
«Յուրաքանչյուր տարբերակը հակասում է նախորդին։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Գուցե այն մասին, որ փորձագիտական գնահատականներն են թույլ, հնարավոր է` խորությամբ չեն հասկանում այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել նախկինում և որոնք տեղի են ունենում հիմա, երեք պետությունների ղեկավարների ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության հեռանկարներն ու նպատակները»,– նշել է նա։
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` Ռուսաստանը ոչ միայն չի լքել Հայաստանին ու հայերին, այլև բոլոր ուժերը գործադրել է այդ իրավիճակի կարգավորման համար, սկզբում` քաղաքական` դրա համար օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, իսկ հետո արդեն հակամարտության գոտի ուղարկելով իր խաղաղապահներին:
Զախարովան կարծում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր թերթերում ու հեռուստատեսային հաղորդումներում բղավում են միմյանց վրա, պետք է հիշեն, որ տարածաշրջանի և նրա բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները։
«Սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, ոչ միայն սեփական դիրքորոշումը պահելու հնարավորություն, այլև խաղաղապահներ ուղարկելու որոշում։ Մեծ հաշվով` աննախադեպ որոշում, և երբեմն տպավորություն եմ ստանում, որ շատերը չեն գիտակցում ընդունված որոշման մասշտաբները», — հավելել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: