ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է փրկարարների խումբ ուղարկել Արցախ

Բնակչությանն անհրաժեշտ բուժօգունթյուն տրամադրելու համար ՌԴ-ն կարող է օդանավ-հոսպիտալ ուղարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է 150 փրկարար և 17 միավոր տեխնիկա ուղարկել Արցախ։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱԻՆ ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է Ղարաբաղ տեղափոխել ավիամոբիլ հիվանդանոց և անձնակազմ՝ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցույց տալու համար:

Ռուսաստանի ԱԴԾ-ն 5 լրացուցիչ հենակետ է տեղակայել Հայաստանում

«Անհրաժեշտության դեպքում տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար պատրաստ ենք օդանավ-հիվանդանոց տրամադրել», - հայտարարել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։