Մոսկվայում և Նյու Յորքում Արցախի հարցով բանակցություններ կլինեն. Ֆրանսիայի արտգործնախարար

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պատվիրակություններն առաջիկայում Մոսկվա կայցելեն՝ Ղարաբաղի շուրջ խորհրդատվություններ անցկացնելու ու ձեռքբերված պայմանավորվածությունները քննարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հետո ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում։

Սենատում ելույթի ժամանակ Լը Դրիանը հերթական անգամ ընդգծել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին։

Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը

«Հիմա անհրաժեշտ է, որ հրադադարի ռեժիմի ֆոնին քննարկումներ սկսվեն, որ մի շարք չափորոշիչներ սահմանվեն ու փորձ արվի հասնել նրան, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում երկարատև լինի։ Այդ քննարկումները կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ պարոն Լավրովի, պարոն Պոմպեոյի (ԱՄՆ պետքարտուղար)  և իմ նախաձեռնությամբ։ Դրանք կկայանան մյուս շաբաթ՝ Մոսկվայում, հետո ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։