Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները եռակողմ հայտարարությունից բացի քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն այսօր` նոյեմբերի 13–ին, հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ս.թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։

Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին