ԿԽՄԿ նախագահը ԼՂ–ում գործունեություն ծավալելու հարցով Մոսկվա կգնա

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի արտաքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների գծով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ քննարկելու կազմակերպության աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Մաուրերը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԳՆ-ի, ՊՆ-ի և ԱԻՆ-ի գծով։

Լավրովը նշել է, որ ԿԽՄԿ-ն վաղուց է աշխատում Լեռնային Ղարաբաղում և երկար տարիներ ներկա է եղել հենց Ստեփանակերտում:

«Մարտական գործողությունների սկսվելուց հետո նրանք ստիպված գնացել են Երևան։ Հիմա նրանք Ստեփանակերտ են վերադարձել և այնտեղ վերսկսում են իրենց աշխատանքը։ Կարմիր խաչի ներկայացուցիչները նույնպես հետաքրքրված են մեր ներկայացուցիչների հետ համակարգմամբ», - ընդգծել Է նախարարը։

Երեկ Լավրովը հայտնել էր, որ ԿԽՄԿ-ի նախագահը Մոսկվա կժամանի հաջորդ շաբաթ՝ քննարկելու, թե ինչպես կարող է Կարմիր Խաչը վերսկսել իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` զոհվածների մարմինների փոխանակման հարցում աջակցություն ցուցաբերելու, գերիների, պատանդների և այլ անձանց վերադարձի հարցում:

«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը մեկնարկել է. Արայիկ Հարությունյան