ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է լուծվելու Մերձավոր Արևելքից տեղափոխված գրոհայինների հարցը, ասաց` նրանք, ցավոք, չեն անհետացել ղարաբաղյան ռազմական գործողությունների գոտուց։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը գրոհայինների մասին կոնկրետ տեղեկություններ ունի, որոնք հիմնված են փաստերի վրա։
«Այդ հարցը լուծելու համար պետք է ջանքեր գործադրեն տարածաշրջանային խաղաղության գործում շահագրգռված բոլոր կողմերը։ Մեր կողմից դրանով զբաղվում են ռազմական փորձագետները, և այդ հարցը մասնագետների կոնկրետ աշխատանք է պահանջում», - նշեց Զախարովան։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերին հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար էին խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել էին ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը