Ինչ կաներ Փաշինյանը, եթե այսօր ինքը լիներ ընդդիմություն

Փաշինյանը հիշեցրեց, որ 2016 թվականին, լինելով ԱԺ պատգամավոր, որպես կամավորական մեկնել է Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցող գործընթացներից թեպետ այնքան էլ գոհ չէր, բայց հանրահավաք չարեց։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կաներ ինքն այսօր, եթե ընդդիմության տեղում լիներ։

Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը վերջին չորս ու կես տարում չի փոխվել. Փաշինյան

«Ես 2016 թվականին, լինելով ԱԺ պատգամավոր, որպես կամավորական մեկնել եմ Արցախ։ Իրադարձությունների ընթացքից ոչ այնքան գոհ լինելով, հանրահավաք չեմ արել»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ եթե-ներով հարցերը լավ հարցեր չեն, ուստի ինչպես կդրսևորեր իրեն այսօր ընդդիմության դերում, չի կարող ենթադրել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։