«Իմ քայլի» պատգամավորը լքում է խմբակցությունը՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ

«Իմ քայլի» պատգամավորը, սակայն, Ազգային ժողովում կշարունակի գործել որպես անկախ պատգամավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնում է խմբակցությունից դուրս գալու մասին։ Նա Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` պարզաբանելով, թե որն է եղել իր` նման քայլի պատճառը։

Նախագահը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես, մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ` հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Իմ քայլից» և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր»,–գրել է նա։

Աթաբեկյանը հայտնել է նաև, որ հետագա պատգամավորական գործունեությունն ուղղելու է ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու արցախահայության խնդիրների լուծմանը։ Նրա խոսքով` միմիայն այդ պատճառով է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնում։

Ընդդիմությունն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը

Վարդան Աթաբեկյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: