ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով կատարել ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նամակում ընդգծվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են 1965թ. ընդունված միջազգային կոնվենցիայի պահանջները:
Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը
Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝
- հակահայկական տրամադրությունների տարածումը,
- հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը ձախողելը,
- պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը,
- էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները,
- իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման ձախողումը,
- հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Հայաստանը նաև հրավիրում է Ադրբեջանին բանակցությունների միջոցով քննարկել կոնվենցիայի պահանջների խախտումները:
ԱԳՆ-ն շեշտում է, որ Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով:
Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի դերի հարցում հասել է իր նպատակին