«Վայ, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Ւվետա Տոնոյանը։

Նա իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ծառուկյանին ծափողջյուններով դիմավորում։ Նա էլ ի պատասխան ասում է. «Վայ, ես ձեր ցավը տանեմ»։

Էդուարդ Շարմազանովն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել էին նոյեմբերի 11-ին և ԱԱԾ տարել։

Ծառուկյանին ձերբակալել են քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածի համար` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։

Պաշտպանի խոսքով` քննիչներն ասել են, որ Ծառուկյանը ձերբակալվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո։

Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

 

Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։