ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Եղնիկների» զորամասի մասին տարածվող լուրերը սուտ են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկների» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում:
Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։