Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին

Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Ռուստամ Մուրադովի հետ հանդիպումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ»,– Facebook–ի իր էջում գրել է Հարությունյանը:

Ավելի վաղ Մուրադովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուս խաղաղապահների զորախմբի տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: