«Անձնական շահ չունեմ». Սմբատ Գոգյանը դիմել է կառավարությանը` ծրագրային առաջարկով

ԲՈԿ–ի նախկին նախագահն առաջարկ է ներկայացնել, որով կրթության ոլորտը, մասնավորապես, հանրակրթական հաստատությունները կկարողանան դուրս գալ ստեղված իրավիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Կրթության և գիտության կառավարումը ձախողված է. այս ծանր ժամանակներում ճկուն կրթական համակարգի փոխարեն պետք է մտածենք էֆեկտիվ համակարգի մասին։ Կառավարությանն ուղղված իր բաց նամակում ասում է սեփական դիմումի համաձայն Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատված Սմբատ Գոգյանը։

Արցախցի դպրոցականներն ու ուսանողներն առանց կրթության չեն մնա․ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում

Գոգյանը քաղաքական կամքի և աջակցության դեպքում խոստանում է կյանքի կոչել մի քանի անելիքներ։ Մասնավորապես, յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել 1-2 համապետական ուսումնական պլան, որոնցով կառաջնորդվեն բոլոր հանրակրթական դպրոցները։ Բացի այդ, յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր դասի վերաբերյալ ստեղծել մեկական որակյալ վիդեո դաս՝ համապատասխան տնային առաջադրանքներով և առաջադրանքների ամփոփումով։ Վիդեոդասերին մասնակցելու են սակավաթիվ քանակությամբ աշակերտներ։

«Մարզպետարաններն ու համայնքային կենտրոններն իրենց տարածաշրջանի բոլոր աշակերտներին պետք է ապահովեն պահանջվող վիդեոդասերին հասանելիություն։ Ուսուցչին պետք է ազատել օնլայն դաս բացատրելու տաժանակիր պրոցեսից, փոխարենն ուսուցիչը կդառնա մենթոր և աշակերտներին կմեկնաբանի վիդեոդասերի բովանդակությունները։ Աշակերտն ինքն իրեն և իր ծնողին հարմար ժամի կարող է նայել իրեն հասանելի կամ համայնքի ղեկավարի տրամադրած մեխանիզմով»,–ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նամակում գրել է Գոգյանը։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

Արդյունքում, ըստ նրա, ուսուցիչ չունեցող դպրոցներում հասանելի կդառնան որակյալ դասեր։ Ուսուցիչ չունեցող երեխայի մենթորությունը կկարողանա ստանձնել ցանկացած այլ դպրոցի ուսուցիչ, որը կիրականացվի խրախուսման մեխանիզմով։ Վիդեոդասերը կարող են դառնալ ուսուցիչների համար մեթոդական նորամուծություններ։ Բացի այդ, Արցախից տեղահանված աշակերտները կունենան կրթության նորմալ հասանելիություն։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Գոգյանը խոստանում է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, անհատների, հիմնադրամների հետ։ Ավելին, գործընթացում ներգրավելու է ԵՊՄՀ, dasaran.am, մասնավոր և պետական դպրոցների գիտելիքը, փորձն ու հմտությունները, ՏՏ ոլորտի կազմակերպություններին, հեռուստաընկերություններին, իր ընկերներին և աշակերտներին։ Համագործակցելու է ԿԳՄՍ փոխնախարարի հետ։

«Հարգելի կառավարություն, գիտեք, որ առ այսօր իմ ներկայացրած բոլոր փաստերը եղել են ճիշտ, տեղյակ եք, որ հրաժարվել եմ ինձ հասանելիք պարգևավճարների գերակշիռ մասից։ Տեղյակ եք, որ աշխատել եմ ծրագրավորող, հիմնադրել և ղեկավարել եմ ՏՏ կազմակերպություն։ Տեղյակ եք, որ ավելի շատ եմ դպրոցում դասավանդել, քան ԿԳՄՍ բոլոր աշխատակիցները վերջին տասը տարիներին միասին վերցրած։ Այս նախաձեռնության մեջ անձնական շահ չունեմ»,–հավելել է Գոգյանը։

Կրթությունը` սկանդալների ոլորտ. ի՞նչ ելք է տեսնում փորձագետը ստեղծված իրավիճակից

Նախաձեռնությունը սկսելու դեպքում նա խոստանում է 2021թվականի հոկտեմբերի 1-ից եղած ամբողջ համակարգը փոխանցել ցանկացած պետական հիմնադրամի կամ կազմակերպության։ Այս ամենի համար կա մեկ պայման` Գոգյանին պետք է ազատեն ցանկացած տիպի բյուրոկրատական քաշքշուկներից։

Նրա առաջարկն ուժի մեջ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։