ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն ունի որոշակի անդառնալիություն։ Այսօր ՀՅԴ գրասենյակում կայացած ասուլիսում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ հետագա քայլեր է առաջարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը` նրա ենթադրյալ հեռացումից հետ։
«Մենք պիտի կարողանանք ունենալ այն քաղաքական իշխանությունը, այն ազգային, պետական իշխանությունը, որը կկարողանա իր դաշնակիցների հետ հավասարի պես դիալոգի մեջ մտնել, որը կկարողանա իր հարևանների հետ երկխոսության մեջ մտնել` դիվանագիտական, տնտեսական, քաղաքական»,– ասաց Գալստյանը։
Նրա խոսքով` այսօր կարևոր խնդիրը եռակողմ հայտարարության գործնականացումն ու կիրարկումն է։
«Իսկ գործնականացման դաշտն անցնում է քաղաքական իշխանության բանակցային և ծրագրային գործընթացով` ներառյալ Մեղրիի ճանապարհի հարցը»,– ասաց Գալստյանը։
ՀՅԴ անդամի խոսքով` բանակցություններ վարողի որակից, հանձնառությունից ու ծրագրից է կախված, թե ինչ որակներ, ինչ նահանջներ կունանա, և որքան շահավետություն կկարողանա կորզել այդ գործընթացից։
ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանն էլ որպես իրավաբան հայտարարեց, որ այդ փաստաթուղթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իրավական ուժ չունի, որովհետև դրա իմպլեմենտացման հարցը, նրա խոսքով, «բացառապես դրված է դավաճան Նիկոլ Փաշինյանի հետագա գործողությունների վրա»։
ՀՀԿ անդամի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իշխանության ղեկին մնալ այնքան ժամանակ, մինչև իրականացվեն փաստաթղթով նախատեսված բոլոր գործողությունները։
Պուտինի ու Ալիևի հետ ստորագրած հայտարարությունը ԼՂ հարցի բովանդակային լուծում չէ. Փաշինյան
«Դրա համար Նիկոլ Փաշինյանը չի գնում իշխանությունից»,– ասաց նա։
Լրագրողների պնդմանը, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը` փաստաթղթի կասեցման ու դրանով նախատեսված գործողությունների կանգնեցման համար, ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ լրագրողներն իր հետ բանավեճի մեջ են մտնում։
«Եթե դուք քաղաքական պլան եք ուզում, այստեղ քաղաքական պլան չկա ընդհանրապես։ Այստեղ կա հայրենիք, հայեր, որոնք պիտի պայքարեն այդ հայրենիքի համար»,– ասաց նա։
Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 11-ին, ՀՀ 17 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց էին դուրս եկել ոչ միայն մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ Արցախից ժամանակավոր տեղահանվածները։
Ամբողջ օրն անցկացված բողոքի ակցիան ավարտվեց ուշ երեկոյան ու կշարունակվի այսօր` ժամը 17։00–ին, Մատենադարանի մոտ։
Ընդդիմության 10 ղեկավարներ ձերբակալված են, նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող 2 քաղաքական ակտիվիստների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Քաղաքական կուսակցությունների ևս 3 անդամներ ԱԱԾ են հրավիրվել այսօր կեսօրին։
Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը. նա խոսեց ապագայի մասին