Երևանի կենտրոնում միաժամանակ 2 բողոքի ակցիա մեկնարկեց, բայց մեկը իսկույն խափանեցին

Բողոքի ակցիաները մեկնարկեցին Ազատության հրապարակում ու Մատենադարանի հարակից տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Այսօր Ազատության հրապարակում են հավաքվել Ազգային ժողովրդավարական բևեռի, «Սասնա ծռերի» անդամները, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժման նախագահ Գարեգին Չուքասզյանն ու այլք։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ եռակողմ հայտարարությունն ընդամենը հայտարարություն է, ո՛չ համաձայնագիր է, ո՛չ պայմանագիր:

«Դա մի հայտարարություն է, որի տակ ստորագրել են երեք երկրի ղեկավարներ, որոնք, իմ համոզմամբ, մեկը մյուսի հետևից պաշտոնանկ են արվելու,- հայտարարեց Սեֆիլյանն ու ավելացրեց,– այս ճգնաժամը հաղթահարելի է»։

Մատենադարանի մոտ հավաքվել են ընդդիմադիր 17 կուսակցություններն ու նրանց համախոհները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետ Փաշինյանի ու իշխանության հրաժարականը։

Իշխանությունը ծրագրում է ընդդիմադիր պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից. Զոհրաբյան

Երկու ակցիաների կազմակերպիչներն էլ նախապես հայտարարել էին, որ պատրաստվում են երթ անցկացնել Երևանի կենտրոնական փողոցներով։

Ազատության հրապարակում, սակայն, «Ընդդիմադիր բևեռի» կազմակերպած երթը նոր էր մեկնարկել, երբ ոստիկանական ուժերը սկսեցին մասնակիցներին բռնի ուժով դուրս բերել հրապարակից։ Կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ երթը դադարեցվում է։

Մատենադարանի մոտ նախատեսված ակցիան նույնպես մեկնարկել է, այս պահին ելույթներ են հնչում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։