Խաղաղապահների գործողություններում Թուրքիայի դերակատարությունը պետք է բացառվի. Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության պետք է բացառվի, չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներ ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:

Ինչու չի կարելի Ղարաբաղը թողնել ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային. Մուխինի տեսակետը

«ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծրագրման, հրահրման և իրականացման գործում Թուրքիայի առանցքային դերին։ Այն  արտահայտվել էր ինչպես ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մնացականյանը կարևորել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում շուտափույթ քայլերի ձեռնարկումը: Նա խորը մտահոգություն է հայտնել Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Մնացականյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում ո՛չ Նախիջևանում, ո՛չ բուն Ադրբեջանի տարածքում և ո՛չ էլ Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները:

«Եկեք լինենք միասնական, լինենք մի բռունցք, ամեն ինչ դեռ առջևում է». Սասուն Միքայելյան

Մնացականյանն ասել է նաև, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտել է Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ Մնացականյանն ընդգծել է, որ պատերազմի դադարի մասին փաստող հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը, և չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։