Ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ. Կոնաշենկով

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Արցախի մայրաքաղաքում է գտնվելու ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները 10 դիտակետ են տեղադրել Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Նրա խոսքով՝ խաղաղապահներն արդեն գտնվում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ «15-րդ մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահների զորախումբը  ժամը 17:00- ին մտել է Ստեփանակերտ»,–ասել է Կոնաշենկովը:

ԱԳՆ–ն` խոցված Մի-24-ի մասին. ՌԴ–ն սպասում է Ալիևի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը

Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում է գտնվելու ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը:

Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ 16 դիտակետ են տեղակայելու։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։