Ռուս խաղաղապահների ևս 4 օդանավ է ժամանել Երևան

Նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել ավելի քան 750 զինծառայողի, ինչպես նաև ավելի քան 110 միավոր տեխնիկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր Ուլյանովսկ-Արևելք օդանավակայանից Երևան է ժամանել Իլ-76 ռազմատրանսպորտային ևս 4 օդանավ` խաղաղապահ 15 ստորաբաժանումների հետ միասին։ Սկսվել է տեխնիկայի բեռնաթափումը։

«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Իլ-76 չորս ռազմատրանսպորտային ինքնաթիռներ այսօր առավոտյան Հայաստան են ժամանել Ուլյանովսկ-Արևելյան օդանավակայանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության անցկացմանը մասնակցելու նպատակով 15 խաղաղապահ ստորաբաժանումներ կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն` անձնակազմը սկսել է բեռնաթափել նյութական միջոցները, զրահամեքենաներն ու ավտոմոբիլային տեխնիկան։

Ռուս խաղաղապահների հերթական խումբը խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Արցախ։

Նրանք ժամանել են ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, որոնք վայրէջք են կատարել ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում, այնպես էլ «Էրեբունի» ավիաբազայում, որտեղից էլ մեկնում են նախանշված վայրեր։

Հիշեցնենք` Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Ղարաբաղում ռուս խաղաղապահներն աջակցելու են հրադադարի պահպանմանը․ Կրեմլ

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով։

Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։

Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը